Հունիսի 1-ին սեբաստացիների մի խմբով իրականացրինք հետախուզական նախագիծ՝ նոր բարձունք յուրացնելու նպատակով:
Մայիսի 29-ին բոլոր դասավանդողներին ուղարկել եմ հետևյալ նամակը.
Ընկերներ ջան հունիսի 1-ին առաջարկում եմ բարձրանալ Գութանասարը: Ես էլ եմ առաջին անգամ բարձրանալու: Սարը հեռու չէ Երևանից՝ Սևանի ճանապարհին կա Ֆանտան գյուղ, հենց այդ գյուղի վերևում է: Հարաբերական բարձրությունը մոտ 300մ է, համեմատության համար ասեմ, որ Հատիսի հարաբերական բարձրությունը մոտ 1000մ է: Կարծում եմ, որ հարմար սար է կրտսեր դպրոցականների համար: Եվ լավ կլիներ, որ մասնակցեին կրտեսր դպրոցների կազմակերպիչներ, դասվարներ, երկարօրյա կազմակերպիչներ:
Մինչև մայիսի 31-ը մասնակցելու ցանկություն հայտնել էին.
- Տաթև Աբրահամյանը, միջին դպրոցում մայրենի դասավանդող
- Սիդոնյա Վիրաբյանը, հյուսիսային դպրոց պարտեզի դասվար,
- Զարինե Փանյանը, միջին դպրոցում մաթեմատիկա դասավանդող
- Շողիկ Զեյնալյանը, հյուսիսային դպրոցում երկարօրյա ճամաբարի կազամկերպիչ, մաթեմատիկա դասավանդող
- Անժելա Բլեյանը, հյուսիսային դպրոց պարտեցում երկարօրյա ճամբարի կազմակերպիչ, բնագիտություն դասավանդող
- Լուսինե Ներսեսյանը, միջին դպրոցում մաթեմատիկա դասավանդող
- Կարինե Մամիկոնյանը, հյուսիսային դպրոց պարտեզի դասվար
- Կարինե Խառատյանը, հյուսիսային դպրոց պարտեզի դասավար
- Սարգիս Մարտիրոսյանը, հյուսիսային դպրոց պարտեզի 4-րդ դասարանի սովորող
Մայիսի 31-ին Նառա Նիկողոսյանին, Գոհար Բալջյանին, Ռիմա Երեմյանին, Սոնա Փափազյանին ուղարկել եմ նոր նամակ՝ կցելով նախորդը.
Ընկերներ ջան, էս նամակս չե՞ք ստացել: Ո՞նց է, որ ձեր դպրոցներից ոչ մի արձագանք չկա:
Պատասխան ստացել եմ միայն Սոնա Փափազյանից. նա ափսոսանք է հայտնել, որ չի կարող մասնակցել, քանի որ արդեն ուրիշ ճամփորդություն ունի: Մեր դպրոց-պարտեզների ղեկավարները մտածելու բան ունեն:
Հավաքվեցինք ինն ու տաս հոգով եկեղեցու մոտ, նկարվեցինք ու ճանապարհ ընկանք: Ավտոմեքենայով Ֆանտան գյուղը կտրեցինք անցաք, գյուղից դուրս եկանք սարի ստորոտ: Տևեց մեկ ժամ:
Բոլորս էլ առաջին անգամ էինք բարձրանում: Մի փոքր խորհրդակցեցինք, վիզուալ կերպով ընտրեցինք մեր ճանապարհը ու գնացինք: Ճանապարհին ներկայացնում էի, թե ինչպես կարելի է ընտրել ուղին, օգտագործել արդեն գործող արահետները, կտրուկ վերելքը ինչպես հաղթահարել:
Տարբեր տեսակի ուտելու խոտեր կային: Զարինեն մի տեսակն էր ճանաչում, Տաթևը՝ մեկ ուրիշ, Անժելան՝ երրորդը: Մինչև գագաթ հասնելը մի բոլ խոտ կերանք: Շատ օգտակար կլինի տեսադասերի շարքը, որ կծանոթացնի վայրի բնությունում հանդիպող ուտելու բույսերին և դեղաբույսերին: Կարծում եմ՝ սա մեր քոլեջին վայել աշխատանք է:
Վերելքը, ինչես նախատեսել էինք, տևեց երկու ժամ:
Սարգիսը ցույց տվեց, որ չորրորդ դասարանցիների համար մատչելի գագաթ է: Սարի գագաթը լավ դիտակետ է. երևում են բոլոր սարերը: Հատկապես հետաքրքիր էր, որ գագաթին հասնելուն մոտ սկսում է երևալ Մասիսը, որը մինչ այդ չի երևում: Էդ գագաթին հանգստացանք:
Քանի որ մեզ հետ էր Սիդոնյան՝ այս շաբաթվա իսկական հարսանիքի իսկական հարսնացուն, ծնվեց նախահարսանեկան նոր ծես՝ աղջիկնոց: Հարսանիքից մի շաբաթ առաջ հարսնացուն ընկերուհիների հետ բարձրանում է որևէ սարի գագաթ: Աղջիկներով երգում են, գովում հարսին, ուրախանում, նկարվում: Հարսնացուի համար կարևոր է, որ բարձրանում է ինքնավստահությունը (դժվարությունները կարողանում է հաղթահարել), ինչպես նաև ազդակ է տղայի կողմին, որ հարսնացուն առողջ, համարձակ աղջիկ է: Այդ մի գագաթը անվանեցինք Գութանասարի Սեդայի բարձունք:
Սարը բազմագագաթ է՝ մեջտեղում լայն, խոտածածկ խառնարանով: Խառնարանում փոքրիկ ջրափոս կար, որը արածող ոչխարների համար ջուր խմելու տեղ էր: Բայց ամռանը ցամաքում է այդ ջրափոսը, և ոչխարներին այդտեղ էլ չեն տանում:
Սարի հակառակ կողմից՝ Կապուտան և Հատիս գյուղերի կողմից, կա լեռնային ճանապարհ, որով մեքենան կարող է հասնել մինչև խառնարան, նույնն է, թե գագաթը (հավանաբար ամենագնաց մեքենաները): Հովիվներն ասացին, որ սարի արևելյան կողմի ստորոտում ավազի հանքեր կան, և ցույց տվեցին գնալու ուղղությունը: Վայրէջքը զառիթափ էր, և դժվար էր իջնելը: Խանգարում էին նաև բարձր խոտերը և անցած տարվանից մնացած չորացած խոտերը: Ճիշտը կլիներ՝ եկած ճանապարհով իջնելը: Դժվարությամբ հասանք ավազահանքերին: Սև ավազ էր: Լավ էր, խմելու ջուր կար, ուռենի և զրուցարան: Բայց մեքենայից մի երկու կիլոմետր հեռու էինք իջել: Վարորդ Արսենը, առանց տրտնջալու եկավ մեր ետևից:
Մեր Տաթևն էլ, դու մի ասա, իրենց տնեցիների հետ պայմանավորբել էր, որ նաև Քաղսի մտնենք: Հո չէինք մերժելու… Տաթևենց տան բարիքներով սնվեցինք, ուժերս վերականգնեցինք ու վերադարձանք:
Տաթևենց տանը մի դիպված ուշադրությունս գրավեց: Տաթևի քույրիկը իր երկու փոքր տղաների հետ վերադարձել էր Ռուսաստանից, և հայրական տանն էին: Մեծ տղան՝ մեկ տարի յոթ ամսական, կերած-խմած ակտիվ մի տղա: Բայց դեռ չի խոսում: Աղջիկները գրկեցին, սիրեցին ու սկսեցին հարցեր տալ՝ քիթդ ուր է, ականջներդ ուր են, մազերդ ուր են, Տաթոյի մազերն ուր են, Սեդայի մազերն ուր են: Տղան համբերատար հերթով ցույց էր տալիս: Մեկ էլ աղջիկներից մեկի մտքով անցավ կատակել՝ բա Արսենի մազերն ուր են: Արսենի գլուխը լրիվ սափրված է: Տղան շշմած նայեց, նայեց ու սկսեց լաց լինել:
Եվ այսպես.
- եկեղեցուց մինչև սարի ստորոտը հասնելը տևում է մեկ ժամ.
- սարի գագաթ բարձրանալը հասանելի է չորրորդ դասարանցիների համար.
- բարձրանալը սովորողների խմբով կարող է տևել մինչև երեք ժամ.
- ինջնելը հարմար է նույն ճանապարհով.
- նախահարսանեկան ծեսերի մեջ պետք է ընդգրկել աղջիկնոցը.
- նկարահանել ֆիլմաշար՝ ուտելի վայրի բույսերը և դեղաբույսերը։
Ֆանտան գյուղի տարածքը հարմար է նաև ձմռանը՝ դահուկավազքի և դահուկներով սահելու համար: